Կառուցապատողը չի կատարել իր պարտավորությունը. շենքը, որը պետք է պատրաստ լիներ 2022 թվականին, դեռ շահագործման չի հանձնվել, բնակիչները վնասներ են կրում
«ՄԱՍՏԵՐ ՇԻՆ» կառուցապատող ընկերությունը Ծարավ աղբյուր 134/4 հասցեում բնակելի շենքի կառուցապատումը դեռևս 2022 թվականի պետք է ավարտած լիներ, սակայն առ այսօր բնակարաններ ձեռք բերած բնակիչները չեն ստացել իրենց տները։
Այս մասին Tert.am-ին ասաց բնակիչներից մեկը։
«Բնակարանը պատրաստ պետք է լիներ 2022 թվականի դեկտեմբերին, բայց մինչև այս պահը չեն տվել մեզ ու հիմա խնդիրն այն է, որ միտումնավոր էլեկտրաէներգիա չեն քաշում շենքում, որ մարդիկ չգնան չապրեն։ Դիմել ենք քաղաքապետարան, դիմել ենք տարբեր մարմիններ մեզ հստակ չեն ասում՝ ինչն է պատճառը, լղոզված պատասխան են տալիս»,- ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ արդեն տարուց ավելի է մարդիկ վերանորոգման աշխատանքներն են սկսել իրենց ձեռք բերած բնակարաններում, որոշներն արդեն վերջացրել են վերանորոգման աշխատանքները, բայց թույլ չեն տալիս ապրել, իսկ պատճառը հոսանք չունենալն է։
«Ոչ մի հիմնավորում չեն տալիս, իսկ մարդիկ գույքային վնաս են կրում»,- ասաց նա։
Բնակիչը նշեց, որ իրենց հետ կառուցապատող ընկերությունից երկախոսության դուրս չեն գալիս, անընդհատ ասում են՝ կլինի, սպասենք, դեռ պատրաստ չէ, բայց արդեն 2 տարի բնակիչները սպասում են։
«Տնօրենը կամ որևէ այլ անձ չի գալիս հանդիպման, մենք իրավաբան ենք վարձել, անընդհատ վճարում ենք իր ծառայությունների համար, իրավաբանը փորձում է իրենց ասել՝ եկեք երկխոսության, հասկանանք՝ ինչն է պատճառը իրենք չեն գալիս։ Մեծ մասը հիփոթեքով են վերցրել, մարդիկ կան, որ վարձով են ապրում միաժամանակ և՛ վարձի գումարն են տալիս, և՛ հիփոթեքն են վճարում»,- պատմեց նա։
Բացի այդ նա նշեց, որ կառուցապատողն իրենց այլ հարցերում ևս խաբել է։
«Նախագծով նախատեսված է եղել երեք կայանատեղի, 2 հարկն են դարձրել կայանատեղի, մի հարկը առանց բնակիչների համաձայնության դարձրել են հասարակական տարածքներ՝ ավելի բարձր արժեքով վաճառելու համար։ Յուրաքանչյուր վարկային պայմանագրում նշված է, որ բակի հատվածում ձեռք ենք բերում տարածք, բայց այդ հատվածն էլ ինքը դարձել է հասարակական հատվածներ ու էլի վաճառում է բարձր արժեքով, բայց դա պետք է լիներ խաղահրապարակ ու կանաչ գոտի»,- տեղեկացրեց նա։
Ըստ նրա՝ իրավաբանը դիմել է գլխավոր դատախազին, գրությունը հասցեագրվել է Երևանի քաղաքապետարան, բայց դեռ պատասխան չեն տալիս, քաղաքապետարանն ասել է՝ կզբաղվեն այդ հարցով։