Ռոբերտ Քոչարյանն ինձ և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք. Ալեն Սիմոնյան
- Lilit
- Jun 14
- 1 min read

Ռոբերտ Քոչարյանն ինձ և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք։ Թելեգրամի իր ալիքում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․
«Ոչ թե անվտանգության աշխատակիցները տարել են և այնքան ծեծել, որ մահանամ, ոչ թե դիպուկահարներ են եկել և կրակել վրաս, ոչ թե զինված նախկին դաշնակցականներ են ներխուժել ԱԺ դահլիճ և գնդակահարել ինձ, այլ դիմել է դատարան՝ իր բարի համբավը վերականգնելու համար: Մարդը խաբար չի, որ ոչ մի դատարան չի կարող այն համբավը, որն ինքը ունի՝ փոխել:
Հետո էլ կասեք՝ բան չի փոխվել Հայաստանում»,- գրել է Սիմոնյանը և հրապարակել տեսանյութ, որում հնչած մտքերն էլ, ըստ Սիմոնյանի, եղել են դատարան դիմելու պատճառ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ հայցում առաջարկված տեքստով ու եղանակով։ Քոչարյանը պահանջում է, որ Սիմոնյանը նաև հերքում հրապարակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, նաև պահանջում է նրանից բռնագանձել 6 միլիոն դրամ ՝ զրպարտության, և ևս 3 միլիոն դրամ՝ վիրավորանքի համար՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում:
Հավելենք, որ ընդդեմ Փաշինյանի ներկայացված հայցում Քոչարյանը պահանջում է հերքել հունիսի 5-ին կառավարության նիստում Փաշինյանի կողմից հնչեցված և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակված «Դատարանի որոշմամբ արձանագրված է՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է» տեղեկատվությունը։ Քոչարյանը պահանջում է, որ Փաշինյանը նաև համապատասխան տեքստ հրապարակի։ Հերքումից բացի ՀՀ երկրորդ նախագահը պահանջում է վարչապետից բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես հասցված ոչ նյութական վնասի հատուցում: