top of page

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՆԵԼՈՒ Է ՄԻԱՅՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՈՒՆԵՑՈՂ «ԱՆՀՈՒՅՍՆԵՐԻՆ»

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 14, 2024
  • 3 min read
ree

Կառավարությունն այս շաբաթ հաստատել է մի որոշում, որին երկար տարիներ սպասել են աղքատ, վարկերի տակ ճռռացող, բանկերի սեւ ցուցակները համալրող, «Նուռ» քարտ և այլ խայտառակ ծրագրերի արդյունքում հասարակության ֆինանսական լուսանցքից դուրս հայտնված հազարավոր քաղաքացիներ։ Փետրվարի 1-ից անհուսալի վարկեր ունեցողները պետությունից աջակցություն կստանան։  

Խոսքը այն անձանց մասին է, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից և որոնց վարկերը առնվազն 3 տարի համարվում են անհուսալի։ Նրանց պարտքերը բանկերին ոչ թե ջնջվելու են, այլ մարվելու պետության օգնությամբ, որը ամեն ամիս անհույս վարկառուի աշխատավարձի եկամտահարկի չափով ուղղելու է նրա պարտքի մարմանը։ Ծրագիրը գործելու է 12 ամիս, սկսած շահառու դառնալու հաջորդ ամսվա 1-ից։ Միաժամանակ մարդկանց աշխատավարձից ևս գումար է պահվելու, սակայն  այդ գումարի չափը ոչ թե 50 տոկոս է լինելու, ինչպես այժմ է, այլ  20%։ Այս զեղչման արտոնությունը գործելու է 2 տարի։ 



«Շահառուները պետք է ունենան աշխատանք, եթե հիմա էլ չունեն աշխատանք, ապա դիմելու պահին համենայն դեպս պետք է ունենան աշխատավարձ, որովհետև աջակցությունը ցուցաբերվելու է իրենց աշխատավարձից գոյացած եկամտահարկի չափով», - լրացուցիչ պարզաբանում է Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի խոսնակը։ Ենթադրվում է, որ այս ծրագրից կօգտվեն 218 հազար մարդ, որոնք ունեն 1 մլն դրամից պակաս վարկ, որոնք առնվազն երեք տարի դասակարգված են որպես անհուսալի և որոնց մասին վարչապետը խոսել է դեկտեմբերի 12-ի նիստին։ ում: Բայց արդյո՞ք այս 218 հազար քաղաքացիներն ունեն գրանցված աշխատանք։ Ահա այստեղ է առաջին հայացքից լավ, մարդուն աշխատանքի դրդող, ստվերից ու սոցիալական ու հոգեբանաման բարդույթից դուրս բերող այս ծրագրի առաջին խութը։ 


Աջակցությունը փոխկապակցված է եկամտահարկին, դրանից օգտվելու են միայն այն «անհույսները», ումից դիմելու պահին եկամտահարկ է գանձվում, բայց մենք գիտենք, որ անհույս պարտքեր ունեցողների հիմնական մասը, եթե անգամ ունի աշխատանք, ուղղակի խուսափում է օրինական գրանցումից, խուսափում է աշխատավարձը «քարտով» ստանալուց, գործարքի է գնում գործատուի հետ, ընդունում է ցանկացած պայման, անգամ համաձայն է ավելի փոքր աշխատավարձ ստանալ, միայն թե հարկադիրը այդ 50 տոկոսը աշխատավարձից չտանի։ 


Դե, իսկ աշխատանք չունեցողներն ավելի շատ են։ 


Սոցապ նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը կանխատեսում է՝ ծրագրից օգտվողները քիչ են լինելու, քանի որ նախագիծը մի բան է, իրականությունը՝ բոլորովին այլ բան։ 


«Հազարավոր մարդիկ չգրանցված աշխատում են, վարկերն էլ տարիներով մնում են։ Կարծում եմ, մեծ մասը խուսափելու է որևէ փոփոխությունից։ Շատերը ասելու են՝ ոնց կա, թող մնա։ Մարդիկ էլի շարունակելու են չգրանցված աշխատող մնալ, վարկերն էլի այդպես մնալու են։ Այն սեգմենտը, որը տարիներով չմարած վարկեր ունի, չգրանցված աշխատող են, նրանք ավելի քիչ են հակված իրավական դաշտում դրսևորվելու»։ 


Ինչ խոսք, նախագիծը տալիս է որոշակի մոտիվացիա, ըստ նրա, քանի որ կան մարդիկ, ովքեր ունեն ժամկետանց վարկեր ու նրանք, խուսափելով իրենց հաշիվների վրա հնարավոր արգելանքներից, չեն կարողանում աշխատել գրանցված։ Այս տեսանկյունից նախագիծը կարող է որոշ մարդկանց համար հետաքրքրություն առաջացնել, բայց արդյո՞ք այդ մարդիկ կուզեն գնան և աշխատեն, կամ՝ այդ կազմակերպություններում, որտեղ աշխատում են չգրանված լինելով, դուրս  գան ստվերից ու գրանցվեն։ «Ասվեց, որ մի քանի հարուր հազարի մասին է խոսքը, բայց այդ մարդկանց զգալի  մասը չի  աշխատում ու նաև այդ պատճառով է, որ այդ մարդիկ չեն կարողանում իրենց վարկերը վճարեն։ Հիմա կառավարությունը ասում է՝ կաջակցենք, եթե աշխատեն։ Կարևորը հենց այդ «եթե»-ն է։ Այսինքն, այս մարդկանց չաշխատելու պատճառը այդ ժամկետանց վարկերը չեն, մարդիկ տարբեր պատճառներով աշխատանք չեն կարողանում գտնել, եւ դեռ հարց է, կգտնե՞ն արդյոք»։ 


Մեսրոպ Առաքելյանը  նաև «մինուս» է տեսնում՝ նման  համաներումների ժամանակ մարդկանց մոտ կարող է առաջանալ բացասական  վարքագիծ։ «Ոմանք կարող են վարկերը չմարել, մտածել՝ սպասենք, մի քանի տարի հետո կարող է կառավարությունը էլի մեզ օգնի, ինչպես եղել է արդեն տուգանքների հետ կապված։ Մարդն ասում է՝ լավ չվճարեմ, մի օր էլի  համաներում են անելու», - ասում է Մեսրոպ Առաքելյանը, շեշտելով, որ ծրագրի արդյունավետությունը հնարավոր կլինի գնահատել գոնե մեկ տ արի անց, իսկ առայժմ կառավարությունը առաջարկել է մի ծրագիր, որը չունի սպասվող արդյունքի նախնական գնահատական։ «Այդ գնահատականը չկա  ոչ փաստաթղթի հիմնավորումներում, ոչ նախագծում, թե ինչքան մարդ կօտգվի»։  


Նկատենք նաև, որ վարկային այս համաներման շահառուն, որը ունի, ենթադրենք, 1 մլն դրամի չմարած պարտք բանկերին, պետք է առնվազն 100-150 հազար աշխատավարձ ստանա, որպեսզի կարողանա ամիսը միջինը մոտ 30-40 հազար վճարելով եկամտահարկի վերադարձ, գումարած 20 տոկոս աշխատավարձից 2 տարում մարի վարկը։ Համաձայնեք, որ նման մարդիկ այնքան էլ շատ չեն լինելու։ 



1/3012
bottom of page