top of page

Վահագն Համբարձումյանը «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

  • May 14, 2025
  • 1 min read

Վահե Մելիքսեթյան հիմնադրամը հպարտությամբ տեղեկացնում է, որ 2025թ. մայիսի 4-ին կայացած հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում 2 տարի ժամկետով հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ առաջատար վիրաբույժ-ուռուցքաբան Վահագն Համբարձումյանը։

Բացի մասնագիտական հարուստ փորձից, Վահագն Համբարձումյանը նաև Վահե Մելիքսեթյանի ուսանողական մտերիմ ընկերն է եղել։ Նրա ընտրությունն այս պաշտոնում ոչ միայն մասնագիտական գնահատական է, այլ նաև սիմվոլիկ քայլ՝ շարունակելու ՀՀ-ում կլինիկական դեղագիտության զարգացմանն ուղղված Վահեի ջանքերը՝ հավատարմորեն և մեծ նվիրումով։

Բժիշկ Համբարձումյանն աշխատում է Հերացի 1 հիվանդանոցային համալիրում որպես վիրաբույժ-ուռուցքաբան և դասավանդում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում։ Նա «Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության» հիմնադիրն է և «Վիրաբուժական ուռուցքաբանության եվրոպական միության» դեսպանն է ՀՀ-ում, ինչպես նաև հանդիսանում է Global Cancer Institute-ի տարածաշրջանային ներկայացուցիչը։

Վահագն Համբարձումյանն իր խոսքում նշեց. «Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է լինել Վահե Մելիքսեթյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը։ Վահեն մեզ թողել է չհանձնվելու պատգամ: Ես ինքս էլ կփորձեմ չհանձնվել և իրականություն դարձնել Վահեի երազանքը»։

«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի մասին

«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։ Հիմնադրամի առաքելությունն է կյանքի կոչել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված խոստումնալից կլինիկական դեղագետ, գիտնական, ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, և պարզապես հայրենասեր ու օրինակելի հայի՝ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական երազանքը։ 4 տարվաընթացքում Հիմնադրամը ՀՀ կրթական և գիտահետազոտական ոլորտներում իրականացրել է ավելի քան 41,000,000 ՀՀ դրամի ներդրում:

1/3244
bottom of page