top of page

Արցախում տեղահանվածների համար 700 տուն է կառուցվում



Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ, Հովսեփավան, Աստղաշեն և Այգեստան համայնքների վարչական տարածքներ, որտեղ կառուցվում են բնակելի առանձին թաղամասեր՝ նախատեսված 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանի Ազոխ, Դրախտիկ, Շուշիի շրջանի Քարին տակ, Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ, Ջրաղացներ, Մոշխումհատ և Մադաթաշեն բռնազավթված համայնքներից տեղահանված բնակիչների համար։


Արցախի ղեկավարը ծանոթացել է բնակարանաշինական աշխատանքների ընթացքին, քաղաքաշինության պատասխանատուների հետ տեղերում քննարկել առկա խնդիրները։

Երկու, երեք, չորս և հինգ սենյականոց ավելի քան 700 կառուցվող առանձնատներից յուրաքանչյուրին տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով նախատեսված է հատկացնել 1200-1500ք/մ մակերես ունեցող տնամերձ հողատարածքներ։ Նոր բնակավայրերի և բնակելի թաղամասերի տարածքներում կիրականացվեն կանաչապատման աշխատանքներ, ինչպես նաև կհիմնվեն պտղատու այգիներ և ջերմոցային տնտեսություններ, ինչը թույլ է տալու հիմնարար լուծում տալ բնակիչների զբաղվածության հարցին։

Պետական և բարեգործական միջոցներով կառուցվող բնակարանները նախատեսվում է շահագործման հասցնել մի քանի փուլով։ Տեղահանված ընտանիքների զգալի մասի բնակարանային ապահովության խնդիրը լուծված կլինի արդեն ընթացիկ տարում։

Նախագահ Հարությունյանը հանձնարարել է շինարարության պատասխանատուներին և համապատասխան պետական ու համայնքային կառույցներին հնարավորինս արագ տեմպերով և կարճ ժամանակահատվածում ավարտին հասցնել շինարարական աշխատանքները՝ խստորեն պահպանելով որակական բարձր չափանիշները։

Այցի ընթացքում Արցախի նախագահին ուղեկցել է քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։

1/2102
bottom of page