top of page

Կոնգոն մահապատժի է դատապարտել 51 մարդու՝ ՄԱԿ-ի աշխատակիցների սպանության համար



Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ռազմական տրիբունալը մահապատժի է դատապարտել 51 մարդու՝ 2017 թվականի մարտին ՄԱԿ-ի երկու աշխատակցի սպանության համար։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։


Ամբաստանյալները ընդհանուր առմամբ 54-ն էին։ Նրանցից մեկը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, ևս երկուսն արդարացվել են։ Ամբաստանյալներից մի քանիսը դատապարտվել են հեռակա, քանի որ երբեք չեն կալանավորվել, կամ փախել են կալանքից։


Կոնգոյում 2003 թվականից գործում է մահապատժի մորատորիում, ուստի դատապարտվածները կկրեն ցմահ ազատազրկում։


ՄԱԿ-ի փորձագետները՝ Շվեդիայի քաղաքացի Զաիդա Կատալոնը և ԱՄՆ քաղաքացի Մայքլ Շարփը, հետաքննում էին կառավարական զորքերի և աշխարհազորայինների միջև հակամարտությունը կենտրոնական Կասաի շրջանում։ Երկու շաբաթ անց հայտնաբերվել են նրանց մարմինները։ Պարզվել է, որ նրանց կանգնեցրել են ճանապարհին զինված անձինք, դուրս բերել դաշտ ու մահապատժի ենթարկել։

1/2098
bottom of page