top of page

ԲՐԻԿՍ ու Ալիև. երկու կարևոր գործոն, որ Փաշինյանին կտանեն Սանկտ Պետերբուրգ


Դեկտեմբերի վերջ Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Ու թեև պաշտոնապես դեռ չի հաստատվել և Մոսկվան էլ հայտնում է, որ հույս ունեն Փաշինյանին տեսնել հյուսիսային մայրաքաղաքում, քիչ հավանական է, որ նա չի մեկնի: Հատկապես, որ նրա մասնակցությունն արդեն ավանդական է դարձել այս միջոցառմանը:

Կառավարությանը մոտ աղբյուրները հայտնում են, որ այս միջոցառումը առնվազն երկու կարևոր գործոն է իր մեջ պարունակում, որ Փաշինյանին կտանեն Սանկտ Պետերբուրգ: Նախ, սա հնարավորություն է հերթական շփումն ունենալու Ալիևի հետ, ինչպես դա եղավ Կազանում երկու ամիս  առաջ, երբ երկկողմ հանդիպման մասին նախապես հայտարարված չէր, բայց ողջ նիստի ընթացքում ակտիվ զրույցից հետո Փաշինյանն ու Ալիևը նաև առանձին հանդիպում ունեցան:

Եվ երկրորդ, Փաշինյանը մտադիր է հայտարարել Հայաստանի՝ ԲՐԻԿՍ-ին որպես գործընկեր երկիր միանալու որոշման մասին:

Նախ նշենք, որ Կազանում հայտարարվեց, որ ԲՐԻԿՍ-ի գործընկեր երկրի կարգավիճակ են ստացել մի շարք երկրներ՝ Ալժիրը, Բելառուսը, Բոլիվիան, Թաիլանդը, Թուրքիան, Ինդոնեզիան, Կուբան, Ղազախստանը, Մալայզիան, Նիգերիան, Ուգանդան, Ուզբեկստանը և Վիետնամը: Ընդ որում, այս պետությունները հայտարարել են, որ առայժմ չեն ծրագրում դառնալ միավորման լիիրավ անդամ։

Նախքան հոկտեմբերի վերջին Կազան մեկնելը, որտեղ Փաշինյանը մասնակցեց ԲՐՒԿՍ գագաթնաժողովին, Երևանը պաշտոնապես հայտարարեց՝ Հայաստանի կառավարությունն այս փուլում չի քննարկում ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հարցը: Այդ մասին ավելի վաղ ասել էր նաև Փաշինյանը, երբ անոնսեց, որ մեկնելու է Ռուսաստան և մասնակցելու է այս կարևոր քաղաքական միջոցառմանը:

Բայց գուցե այս երկու ամիսներին բա՞ն է փոխվել և, օրինակ, տարածաշրջանում զարգացումները, Հայաստանի կառավարության կողմից այդքան շատ թմբկահարվող “խաղաղության խաչմերուկի” նախագծի կյանքի կոչելը և այլ ստվերային գործընթացներ ստիպում են փոխել դիրքորոշումը: Ի վերջո, գուցե այս ընթացքում ավելի ուրվագծվել է, թե ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցությունը ինչ կարող է տալ Հայաստանին, օրինակ՝ արտոնությունների և մնացածի մասով: Եթե Փաշինյանն ու իր կողմնակիցները պնդում են հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, իսկ հիմնական ապաշրջափակողները՝ Թուրքիան ու Ադրբեջանը ձգտում են ԲՐԻԿՍ-ի հետ խորացնել հարաբերությունները, այս փուլում գործընկեր երկրի կարգավիճակ ստանալով, ապա գուցե Փաշինյանը հենց սա նկատի ունենալով է մտածում ԲՐԻԿՍ-ի մասին: Կամ գոնե պատուհան է բացում, որ իրեն «համոզեն» մտածել այս ուղղությունը բռնելու մասով:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա օգոստոսի 20-ին Ադրբեջանը պաշտոնապես դիմել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար:

Մեր աղբյուրի խոսքով՝ այս հեռանկարը անխուսափելի է Հայաստանի համար և եթե անգամ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում այս մաին չհայտարարի, ապա առաջիկա ամիսներին նման առիթ անպայման կլինի:

Ըստ էության՝ ԲՐԻԿՍ-ը հանդիսանում է կամ գոնե ձգտում է դառնալ  G7-ի մրցակիցը, և հաշվի առնելով, թե այսօրվա դրությամբ ինչպիսի երկրներ են դրա կազմում և որ երկրներն են ձգտում գործընկեր դառնալ՝ եթե նույնիսկ դրանում դեռ չի հաջողել, ապա նման հեռանկարը սարերի ետևում չէ: Ի սկզբանե ԲՐԻԿՍ անդամ երկրները հինգն էին՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Սակայն, 2024-ին ԲՐԻԿՍ-ին որպես լիիրավ անդամ միացան նաև Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան ու Էֆիոպիան: Անցյալ տարի Արգենտինան ևս ստացել էր անդամակցելու հավանություն, բայց հետագայում հրաժարվեց:

Ի դեպ, ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Կազան մեկնելուց առաջ Փաշինյանը Երևանում ընդունել էր ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ԱՄՆ ԱԽ Եվրոպայի բաժնի ղեկավար Մայքլ Կարպենտերին: Վերջինս Փաշինյանին էր փոխանցել  Ջո Բայդենի նամակը, ընդ որում նա  Երևան էր ժամանել Բաքվից, որտեղ հանդիպել էր Ալիևին և նման մի նամակ  էլ Բայդենից փոխանցել թշնամի երկրի առաջնորդին: Պաշտոնապես նշվեց, որ նամակում եղել են դիտարկումներ խաղաղության պայմանագրի կնքելու հարցի շուրջ, բայց չենք կարող բացառել, որ եղել են նաև «ցուցումներ»՝ ԲՐԻԿՍ-ում «խելոք մնալու», պռոռուսական կուրսին չվերադառնալու և մնացածի վերաբերյալ: 

Գուցե մինչ Սանկտ Պետերբուրգ մեկնելը ԱՄՆ-ից բարձրաստիճան հյուրեր տեսնենք Երևանում...

bottom of page